January 13

«Սուրբ Ծննդյան հեքիաթ». Պաուլո Կոելիո

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:


Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

September 26

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դո՛ւրս  գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ-

ջերմություն-

խավար-

  • Գիշերը երկնքում  ի՞նչ ես տեսնում.
  • Լուսինը երկնքում  ի՞նչ  է անում.
  • Աստղերը երկնքում  ի՞նչ են անում.
  • Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդ ը պտտվում է …

Եթե Արեգակը  չլինի, …

Երբ մեզ մոտ  մութ է, …

September 20

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ.Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

-Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը: